15/03/2013 15:07
Դատախազությունում ընտրական խախտումների վերաբերյալ 13 քրգործ է հարուցվել
ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ այսօրվա դրությամբ ստացվել է 252 հաղորդում, որոնցից 189 հաղորդման դատախազությունն ընթացք է տվել ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Ստացված 252 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 223-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից որևէ մեկը չի բողոքարկվել: 3 հաղորդում քննարկման փուլում է:
Աշխատանքին խումբը համագործակցել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և դիտորդական առաքելությունների հետ, ինչը դրական է գնահատվել նաև վերջիններիս կողմից։ Մասնավորապես ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ա. Սերգեևը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Տագլիավինին բարձր են գնահատել համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հունվարի 14-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: