15/03/2013 14:08
ԱԺ-ում կստեղծվի Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը դրական եզրակացության արժանացավ: Այն ընդգրկվեց ԱԺ նստաժրջանում և քառօրյա նիստերի օրակարգում:
Հիմնական զեկուցողը ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էր, ով ներկայացրեց որոշման նախագիծը` նշելով, որ այն վերանայվել է և նախկինում գրեթե բոլոր առաջարկություններն ու դիտողությունները, բացառությամբ ընդունվել են:
«Այդ թվում` վերանայվել է քաղաքական մեծամասնության կողմից նշված ամենասկզբունքային՝ հանձնաժողովի կազմավորման կարգը: Եթե նախկինում առաջարկվում էր հանձնաժողովում ընդգրկել յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր, ինչը հնարավոր էր դարձնում քաղաքական մեծամասնությանը հայտնվել փոքրամասնության կարգավիճակում, ապա այժմ առաջարկվում է կիրառել Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը»,- ասաց նա:
Հանձնաժողովը կազմված կլինի յոթը անդամներից, որոնցից երկուսը կնշանակվեն ՀՀԿ-ի կողմից, իսկ մյուս խմբակցությունները կունենան մեկական անդամ նշանակելու իրավունք:
Իր հերթին ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերի հիմնական խնդիրը պետք է լինի այս հանձնաժողովին քաղաքական շահարկումներից և հայտարարություններից զերծ պահելը, որպեսզի այն զբաղվի միայն իրավական խնդիրներով:
«Այդ աշխատանքը լինելու է դժվարություններով լի: Մենք պետք է գիտակցենք, որ բոլոր քաղաքական ուժերը, կարծես թե, հանգում են այն եզրակացության, որ բավարար հասուն ենք՝ այս աշխատանքը պատշաճ իրականացնելու համար»,- ընդգծեց Դ. Հարությունյանը: