16/03/2013 09:16
Ապագա կառավարության կազմը հայտնի՞ է
Իշխանության վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկը վերաբերում է նոր կառավարության ղեկավարին ու կազմին, որը նշանակվելու է ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո:
Լավատեղյակ աղբյուրներից «168 Ժամին» հայտնի է դարձել, որ ապագա վարչապետի ամենահավանական թեկնածու է համարվում «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նոր կառավարությունում լինելու են ոչ միայն նոր նշանակումներ, այլ նաև փոխատեղումներ: Մասնավորապես, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ Պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում: Գործող կառավարության կազմից հեռացողների թվում է լինելու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում փոխարեն իշխանական վերնախավում ցանկանում են տեսնել ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին:
Նույն տեղեկությունների համաձայն, պաշտոնին հրաժեշտ է տալու նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դեռևս հայտնի չէ սակայն, թե ով է զբաղեցնելու Կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Անհայտ է նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագիրը: Տևական ժամանակ խոսվում էր, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նա կարող է վերադառնալ նախկին` Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին: Սակայն Տիգրան Սարգսյանն ինքը հասկացրել է, որ նման մտադրություն չունի: