20/03/2013 19:28
Հայաստանը ստանձնել է ԱՊՀ-ի զբոսաշրջության խորհրդի նախագահությունը
Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Խորհրդի որոշմամբ Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է Խորհրդի նախագահությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում զբոսաշրջության ոլորտի վերջին զարգացումները, զբոսաշրջության բնագավառում համագործակցության և ինտեգրման հեռանկարները, այլ հարցեր:
Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:
Ա.Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և իրականացվող ծրագրերը:
Նիստին ընդունվել է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ պետություններում զբոսաշրջության բնագավառում ինտեգրման գործընթացների զարգացման Ռազմավարությունը, որում հաշվի են առնվել հայկական կողմի ներկայացրած առաջարկությունները:
Հատկանշական է, որ Ռազմավարության մեջ, վերջինիս մշակման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի շարքում, համաշխարհային զբոսաշրջության վերաբերյալ Մանիլայի, Հաագայի և Օսակայի հռչակագրերի հետ մեկտեղ, ներառվել է նաև Զբոսաշրջության վերաբերյալ Երևանյան հռչակագիրը, որն ընդունվել է 2012 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում կայացած «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ: