21/03/2013 13:30
ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների բողոքը
ՀՀ վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի և մյուսների քրեական գործով վճռաբեկ բողոքը:
Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ, ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ուղարկվել էր դատարան, իսկ մյուսների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում:
Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության` գրադարանի մոտ միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով:
Տիգրան Առաքելյանը մեղադրվում է Քր.Օրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետի` «Խուլիգանությունը» և ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:
Մեղադրող դատախազը դատարանից պահանջել էր Առաքելյանին վեց տարվա ազատազրկման դատապարտել: Պահանջել էր նաև 3,5 տարով ազատազրկել Արտակ Կարապետյանին, իսկ Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին 2 տարով։
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Տ. Առաքելյանը դատապարտվել է 5, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանը` 2, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա ազատազրկման:
Վեարքննիչ դատարանը 2012 թ. նոյեմբերի 11-ին մերժել էր ՀԱԿ ակտիվիստների բողոքը և անփոփոխ թողել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Մարտի 14-ին նրանք բողոք էին ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:
Նախորդող հրապարակում՝ ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը կհրապարակվի այսօր