22/03/2013 09:07
Առճակատում ՀՀԿ-ԲՀԿ երիտգվարդիաների միջև
Վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղուց է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիրախում, սակայն եթե մինչ օրս նա ու իր շրջապատը բավականին հանդուրժող էին ԲՀԿ-ական գրոհների նկատմամբ, ապա վերջին օրերին կրքերն ակնհայտորեն սրվել են: Թերևս, Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսն է նրանց ոգևորել, և վարչապետի ճամբարում որոշել են ակն ընդ ական հակահարված հասցնել ԲՀԿ-ի կրիտիկային և ԲՀԿ-ի «դեմն դնել» կոնկրետ հանցանքներով, որոնք տարիներ շարունակ իրականացվել են նրանց ղեկավարած ոլորտներում: Թիրախը, մասնավորապես, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանն է: Այս ոլորտում բացահայտված կոռուպցիան ու յուրացումները որոշել են ջրի երես հանել:
«Հրապարակը» գրում է, որ այս օրերին ԲՀԿ-ն էլ է մոլեգնած՝ տևական ժամանակ իշխանության հետ բանակցություններում նրա պահանջը եղել է վարչապետի պաշտոնանկությունը, և հույս ունեին, որ ընտրություններից հետո գոնե Սերժ Սարգսյանը կգնա այդ քայլին՝ մանավանդ իրենք հնազանդվեցին ու նախագահի ընտրությունում թեկնածու չդրեցին: Բայց պարզվեց՝ այդ զոհողությունն անիմաստ էր ու չի գնահատվել: Նախօրեին Աժ դահլիճում ՀՀԿ-ԲՀԿ թեժ մենամարտեր էին գնում, ինչից հետո հայտնի ու անհայտ երիտՀՀԿ-ականները, այդ թվում վարչապետի օգնականը, նետվեցին մարտի՝ «Ֆեյսբուքն» ու կայքերը ողողելով իրենց սուր հակադարձումներով ու ԲՀԿ-ական հանցանքների մասին ակնարկներով: Այս փոխհրաձգությունը փաստում է, որ Գագիկ Ծառուկյան-Տիգրան Սարգսյան պայքարը տեղափոխվել է հրապարակային բաց հարթակ: Թերևս կառավարությունում հույս ունեն բացահայտ ակնարկներով հանդարտեցնել հակառակորդի «գարնանային սրացումները»:
Վարչապետի օգնական Միհրան Հակոբյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ինչպես արդեն անդրադարձել եմ, արձագանքելու ենք ստին, ապատեղեկատվությանը և հերյուրանքին: Միևնույն ժամանակ, այդ արձագանքները բացառելու է անձնական վիրավորանքներ, պիտակավորումներ և զոռբայություն»: Այսինքն, նախկինում հնչեցրած քննադատությունների հետ համաձա՞յն էին, որ այդպես սուր չէր արձագանքը, հարցրին վարչապետի ներկայացուցչին: «Ոչ, չեմ կարծում, թե ճիշտ կլինի խնդիրներին նման տրամաբանությամբ պատասխանելը: Մենք միշտ էլ անդրադարձել ենք ցանկացած տեսակի հերյուրանքներին և կեղծիքներին»: