22/03/2013 00:17
Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Ռաջաբովին
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ծանր պայքարի արդյունքում պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին և շարունակում է 1-2-րդ տեղերը բաժանել Մագնուս Կառլսենի հետ: Իսկ վերջինս հաշվետու տուրում առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Այժմ Արոնյանն ու Կառլսենն իրենց ակտիվում 4,5-ական միավոր ունեն և 1,5 միավորով առաջ են անցել 3-4-րդ տեղերում հաստատված Սվիդլերից ու Վլադիմիր Կրամնիկից:
Նշենք, որ Կրամնիկը ոչ-ոքի խաղաց Իվանչուկի, իսկ Գրիշչուկը՝ Գելֆանդի հետ:
Ավելացնենք, որ Ռաջաբովն ու Գրիշչուկը վաստակել են 2,5-ական, Իվանչուկն ու Գելֆանդը՝ 2-ական միավոր:
Հաջորդ՝ 7-րդ տուրում, որը կկայանա մարտի 23-ին, Արոնյանը կխաղա Գրիշչուկի հետ: