26/03/2013 11:32
Փորձագետ. Ադրբեջանում խորանում է բանակ-հասարակություն անջրպետը
«Ադրբեջանական հասարակությունում մեծանում են հակաբանակային տրամադրությունները, որոնք վերափոխվում են հակաիշխանական տրամադրությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումներին` ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նա նշեց, որ ադրբեջանական բանակ-հասարակություն անջրպետը գնալով ավելի է խորանում:
«Ադրբեջանական բանակում մեծանում է տեղի բնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների և այլ ազգերի կորուստները: Ադրբեջանական իշխանությունները փորձում են իրար դեմ հանել այդ ժողովուրդներին և նրանց բնական դաշնակիցներին՝ հայերին»,- ասաց Դ. Ջամալյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանում ալիևյան կլանի դիրքերը դառնում են երերուն և այն ոչ մի քայլ չի ձեռնարկում բանակում առկա բացասական զարգացումները կանխելու համար:
«Ալիևյան կլանի երերուն դիրքերը նպաստում են նաև ադրբեջանական պետականության ճգնաժամին, քանի որ այն մինչև վերջ չի զարգացել, չի ձևավորվել»,- նշեց բանախոսը:
Ըստ նրա` Ադրբեջանը արհեստական պետական միավորում է, որտեղ անհնար է կազմել միասնական հանրույթ, ինչին նպաստում է նաև ազգամիջյան, միջէթնիկական լարվածությունը՝ ադրբեջանական հասարակության ներսում: