26/03/2013 19:49
Ազատության հրապարակում միջադեպի հետ կապված հարուցվել է քրգործ (Տեսանյութ)
Մարտի 23-ին` Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը հարուցել է քրեական գործ և ուղարկել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։ Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ շաբաթ օրը անհայտ մի տղամարդ` մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքել է հավաքված բազմության շարքերը և ուղղվել դեպի հարթակ, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարևահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին՝ տեղի ունեցածը գնահատելով, որպես Ր.Հովհաննիսյանի կյանի դեմ ուղղված ոտնձգության փորձ։
Ոստիկանությունը երեկ արձագանքել էր «Ժառանգության» հաղորդագրությանը՝ նշելով, որ նույն օրը ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: