27/03/2013 17:14
Տապալված դիվերսիա՞. Ի՞նչ կորուստների մասին է խոսում Ադրբեջանը
«Հայ-ադրբեջանական սահմանին ամեն օր էլ կրակոցներ հնչում են, սակայն դրանք վերջին 1-2 օրերին առանձնապես շատ չեն եղել, փոխհրաձգություն չի եղել: Անհասկանալի է, թե ինչ փոխհրաձգության մասին է խոսքը ու հատկապես ինչ պատճառով է ադրբեջանական կողմը կորուստներ գրանցել»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, իսկ ադրբեջանական կողմն արդեն մեկ զոհ և երկու վիրավոր ունի:
«Հայկական կողմը վերջին օրերին կորուստներ չի ունեցել, իսկ թե ինչ փաստերի հիման վրա է ադրբեջանական կողմը նման պնդումներ առաջ քաշում, խիստ զարմանալի է»:
Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություններ է նախապատրաստել, ինչը տարբեր պատճառներով ձախողվել է: Արդյունքում՝ ադրբեջանական կողմը փորձում է սահմանին տեղի ունեցող «փոխհրաձգությամբ» կամ «հայկական կողմի ակտիվությամբ» հիմնավորել իր կորուստները և մաքրել ձախողված օպերացիայի հետքերը: