27/03/2013 16:55
Փաստաբան. 10 ամիս ընթացող նախաքննության իրական նպատակները հասկանալի չեն
«Սիվիլիթաս» հիմնադրամը տուժում է ԱԱԾ գործողություններից, իրականացվող նախաքննությունից, քանի որ այն չի համապատասխանում քրեական դատավարության նպատակներին և խոչընդոտում է «Սիվիլնեթի» ազատ արտահայտվելու իրավունքի իրականացմանը։
«Ողջ գործընթացն իրականացվում է օրենքի ձևական կողմի պահպանմամբ, բայց նրանց իրական նպատակն անհասկանալի է»,- այսօր կայացած ասուլիսում ասաց Վահե Գրիգորյանը։
«Արդեն 10 ամիս է, ինչ ընթանում է նախաքննություն, սակայն քննչական մարմինները որևէ բան չեն բացահայտել: Դրանից «Սիվիլիթաս» հիմնադրամը տուժում է: Նախաքննությունը չի կարողանում ապահովել հստակություն»,- ասաց նա, հավելելով, որ ստուգումները հիմնադրամում շարունակվում են:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը 2012թ.-ի հունիսի 12-ին հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
«Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել»:
Նախորդող հրապարակում` Սալբի Ղազարյանին կանչել են ԱԱԾ` հարցաքննության