28/03/2013 14:08
Ապրիլի 22-ին լրանում է Արմավիայի պայմանագրի ժամկետը. Հավակնորդներ դեռ չկան
Ապրիլի 22-ին լրանում է «Արմավիա» ավիաընկերության հետ կառավարության պայմանագրի ժամկետը, կշարունակվի՞ պայմանագիրը, թե՞ ոչ:
Այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ նորից պայմանագիր կնքելու համար Արմավիան չունի համապատասխան ֆիանսական հնարավորություններ, իսկ Հայաստանի օդային փոխադրողի վերաբերյալ որոշում կլինի միայն ապրիլի վերջ, երբ պարզ կլինի թե ում հետ է կնքվելու պայմանագիր. «Այժմ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում»:
Վարչությունը դիմել է մի շարք ավիափոխադրողների և ստացել բացասական պատասխան, իսկ թե որ ընկերություններին են դիմել, պաշտոնյան չմանրամասնեց:
Անդրադառնալով Արմավիայի «ազգային փոխադրող» կոչմանը, Ա. Մովսիսյանն այն կասկածի տակ դրեց, նշելով, որ պայմանագրում նման հասկացություն գոյություն չունի:
Իսկ կազատականացվի ավիաշուկա՞ն հարցին` պատասխանեց, որ շուկայի ազատականացումը լայն սպեկտր է` կարող է գործել բաց երկնքի քաղաքականություն, կարող է աստիճանական ազատականացում լինել. «Քաղաքական մոտեցում է պետք, կարող ենք ունենալ և՛ պետական, և՛ մասնավոր ավիափոխադրող ընկերություններ»:
Իսկ թե ի՞նչ կլինի, եթե ապրիլի 22-ին որևէ կազմակերպություն չդիմի ավիափոխադրում իրականանցնելու համար հարցին` պատասխանեց, որ որոշ ժամանակ «Արմավիան» կշարունակի իր գործունեությունը` մինչև նոր ընկերություն սկսկի իր աշխատանքը: