28/03/2013 09:08
Ծառուկյանն ու Բաղդասարովը համաձայնության չեն եկել «Արմավիայի» վաճառքի շուրջ
«Հրապարակը» գրել է, թե չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, թերթի հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել:
Երեկ թերթը փորձել է Բաղդասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին` նա անչափ բարյացակամ ասել է. «Յա վաս սլուշայու», բայց երբ իմացել է, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասել է` «ես ժամանակ չունեմ», ու անջատել է հեռախոսը:
«Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետև ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տևական ժամանակ տնօրինած և մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար»,-գրել է թերթը՝ հավելելով, որ իրենց հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտել են Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը: