29/03/2013 16:11
Վան-Երևան-Վան ուղիղ չվերթը անորոշ ժամանակով հետաձգվել է
«Նարեկավանք Տուրն» ափսոսանքով հայտնում է, որ մարտի 28-ին Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթերի իրականացումը: Այս չվերթը պետք է իրականցվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության և Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից:
«Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը: Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղի կողմից:
Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը»,- ասված է հաղորդագրության մեջ: