29/03/2013 13:28
Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանը մեղավոր չէ»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր ՀՖՖ գործկոմը նույնպես չի ընդունել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը:
«Ես հասկանում եմ Վարդան Մինասյանին, որ երեք խաղում պարտություն կրելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր գործկոմը քննարկեց այդ հարցը և նույնպես չընդունեց մարզչի հրաժարականը: Ես թիմի առջև խնդիր դրել եմ, բայց արդյունքում ձախողում եղավ: Չնայած դրան, ես նույնպես չընդունեցի Վարդան Մինասյանի հրաժարականը, որովհետև պարտությունների մեջ նա մեղք չունի: Եթե աշխատասեր չլիներ և չընդունվեր խաղացողների կողմից, նրա հրաժարականը կընդունեինք: Իրականում նա մեղավոր չէ, որ հավաքականը պարտվում է անընդմեջ երրորդ խաղում: Այդ պարտությունները տարբեր պատճառներ ունեն»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը հայտարարեց նաև, որ 1-2 ֆուտբոլիստ իրենց կրկեսի ծաղրածուի պես են պահել: Անուններ նա չի հնչեցրել, բայց հետո, պատասխանելով մի այլ հարցի, զարմանք է հայտնել, թե ինչու ոչ ոք չի գրում Էդգար Մանուչարյանի խաղի մասին…
Ռուբեն Հայրապետյանը գոհ է Տարոն Ոսկանյանի խաղից: Նա համարում է, որ թեպետ Տարոնը սխալներ թույլ տվեց, այդուհանդերձ, մոտ ապագայում կարող է հաստատվել ազգային թիմի կազմում: Նույնը, ըստ ՀՖՖ նախագահի, կարելի է ասել նաև Կամո Հովհաննիսյանի մասին: