29/03/2013 19:59
Սերժ Սարգսյանը մասնակցեց Մայր թատրոնի 90-ամյակին նվիրված միջոցառմանը
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա գտնվեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Ներկա էին նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հոբելյանական երեկոյի առանցքն է կազմել թատերականացված հանդիսավորությունը, որը կազմված է թատրոնի վերջին 15 տարիներին բեմադրված խաղացանկային հանդիսություններից՝ փողկապակցված տեսարաններով:
Միջոցառման սկիզբը ազդարարվեց թատրոնի այսօրվա դերասանների, ինչպես նաև` թատրոնի երախտավորների բեմ դուրս գալով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավեստիսյանի գլխավորությամբ, ով կարդաց Շառլ Ազնավուրի «Թափառաշրջիկ դերասան եմ» բանաստեղծությունը:
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հատվածներ Հրանտ Մաթևոսյանի՝ «Ծառերը» վիպակից, Պերճ Զեյթունցյանի՝ «Ոստքի, դատարանն է գալիս» ներկայացումից և այլ ներկայացումներից:
Հոբելյանական երեկոյի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը ներկայացրեց Ա. Վալիեխոյի «Գոյա» ներկայացումից հատված՝ «Գոյայի» մենախոսությունը:
Մայր թատրոնի 90-ամյակին նվիրված միջոցառման ավարտին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը ընթերցեց Սիամանթոյի «Հույսին համար» բանաստեղծությունը:
Այնուհետև Մայր թատրոնի ողջ դերասանախումբը կատարեց Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության համանուն երգը:
Դահլիճը հոտնկայս ծափահարություններով ողջունեց դերասաններին և շնորհավեց Մայր թատրոնի հոբելյանը: