29/03/2013 17:50
ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 24.0 մլրդ դրամ հավելուրդով
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 155.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 131.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 70%-ով և 58.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները:
Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 3.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 76.9% ը, իսկ ծախսերը` 1.6 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 36.1%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.1%-ով, ծախսերի գծով` 13%-ով: