30/03/2013 13:28
Թուրքագետ. ԱՄՆ-ին ձեռնտու չէ թուրք-իսրայելական լարվածությունը
«Թուրքիայում Նովրուզի ժամանակ Դիարբեքիր քաղաքում ընթերցվեց Օջալանի պատմական ուղերձը՝ քրդերի և Թուրքիայի միջև հաշտեցման ու զենքերը վայր դնելու մասին, ինչին հաջորդեց Իսրայելի վարչապետ Նեթանյահույի ներողությունը Թուրքիայից` «Ազատության տորմիղի» միջադեպի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման միտումներին և Մերձավոր Արևելքում քաղաքական զարգացումներին, ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի համար այդ երկու իրադարձությունները շատ նպաստավոր էին Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի ամրապնդման տեսանկյունից:
«Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները միշտ էլ զարգացել են վայրիվերումներով, սակայն չեն անցել «կարմիր գիծը» և հիմնականում զարգացել են ռազմական ոլորտում»,- նշեց թուրքագետը:
Ըստ նրա` Թուրքիան ցանկանում է առաջատարի դեր ստանձնել արաբական աշխարհում և այդ պատճառով Անկարան գնաց Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը՝ «արաբական ժողովրդի» պաշտպան երևալու համար:
Բանախոսn ասաց, որ ԱՄՆ-ի համար Իսրայելը և Թուրքիան համարվում են Մերձավոր Արևելքում ռազմավարական կարևոր դաշնակիցներ և Մեծ Մերձավոր Արևելք ծրագրի իրականացման և «արաբական գարնան» ծրագրերը շարունակականությունը ապահովելու համար Վաշինգտոնին ձեռնտու չէ թուրք-իսրայելական լարվածությունը:
Ա. Իսպիրյանը նշեց, որ ԱՄՆ-ի համար այսօր ամենակարևոր հարցը սիրիական խնդիրն է և ԱՄՆ-ն այդ նպատակին հասնելու համար փորձում է հաշտեցնել Թուրքիային և Իսրայելին՝ Սիրիայի դեմ միասնական ճակատով հանդես գալու համար:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Իսպիրյանը նշեց, որ «արաբական գարունը» անհնար է իրականացնել Իրանում, քանի որ Իրանում չկան այն նախադրյալները, որ կային արաբական այն երկրներում, որտեղ իրականացվել է «արաբական գարունը»:
«Իրանում բնակչության դժգոհությունը սեփական իշխանություններից այնքան մեծ չէ, ինչպես դա կար արաբական երկրներում, բացի այդ, Իրանը արաբական երկիր չէ և անտեղ այլ է կառավարման մոդելը»,- հավելեց թուրքագետը: