02/04/2013 13:04
Սվիդլերը հաղթեց, և Արոնյանը նահանջեց 4-րդ հորիզոնական
Երեկ Լոնդոնում ավարտվեց աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վերջին տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:
Ավելի ուշ հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին նաև վճռորոշ պարտիաներում: Վլադիմիր Կրամնիկը սևերով զիջեց Վասիլի Իվանչուկին, իսկ Մագնուս Կառլսենը զենքերը վայր դրեց Պյոտր Սվիդլերի առջև: Այս հաղթանակի շնորհիվ Սվիդլերը միավորներով (8) կրկին հավասարվեց Արոնյանին և լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ շրջանցեց հայ շախմատիստին մրցաշարային աղյուսակում:
Մագնուս Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը վաստակեցին 8,5-ական միավոր, սակայն առաջին հորիզոնականն զբաղեցրեց Կառլսենը` հռչակվելով մրցաշարի հաղթող:
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակ
1. Մագնուս Կառլսեն-8,5 միավոր
2. Վլադիմիր Կրամնիկ-8,5
3. Պյոտր Սվիդլեր-8
4. Լևոն Արոնյան-8
5. Բորիս Գելֆանդ-6,5
6. Ալեքսանդր Գրիշչուկ-6,5
7. Վասիլի Իվանչուկ-6
8. Թեյմուր Ռաջաբով-4