03/04/2013 12:17
Թուրքագետ. Էրդողանը ընտրվելու համար զգում է քրդերի աջակցության կարիքը
«Թուրքիայի համար բավականին ծանրաբեռնված 2013-2014թթ.-ն են սպասվում, քանի որ քուրդ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ են սպասվում, հաշվի առնելով Աբդուլահ Օջալանի հայտնի հայտարարությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Թուրքիայի ներքին և արտաքին մարտահրավերներին, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ցանկանում է դառնալ Թուրքիայի նախագահ և նրան անհրաժեշտ է ստանալ քրդերի աջակցությունը, այդ իսկ պատճառով նա ցանկանում է քրդերի հետ հասնել խաղաղության:
«Օջալանն իր հերթին հասկացել է, որ այսօր Թուրքիայի դեմ զենքով պայքարելը այնքան էլ արդյունավետ չէ և նա ցանկանում է քրդաբնակ շրջանների համար հասնել ինքնավարության ու բարելավել քրդերի դրությունը Թուրքիայի քրդաբնակ նահանգներում»,-նշեց բանախոսը:
Նրա խոսքով, Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումների վրա անդրադառնում են նաև տարածաշրջանային զարգացումները:
«Թուրքիան և Իսրայելը այժմ եկել են համաձայնության ու սկսել բարելավել խաթարված հարաբերությունները, իսկ Բարաք Օբաման ցանկանում է հասնել թուրք-իսրայելական ալյանսի ձևավորման՝ Իրանի դեմ»,- ասաց թուրքագետը:
Ըստ Ա. Շաքարյանի՝ Թուրքիան և Իսրայելը սիրիական հարցում ունեն միասնական շահեր, քանի որ Թուրքիան և Իսրայելը զգուշանում են Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործումից և այդ առումով Անկարայի ու Թել-Ավիվի շահերը համընկնում են: