03/04/2013 20:14
Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում
Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում: Այս մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարը, խոսելով իրանահայերի մասին, իր գոհունակությունն է հայտնել Իրանի իշխանությունների՝ կրոնական փոքրամասնությունների, հատկապես հայերի ազատ գործունեության հարցում վարած քաղաքականության հանդեպ:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, շեշտելով, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հավելել է, որ Թեհրանը ցանկանում է, որպեսզի մշակույթի, գիտության, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա հնարավորությունները օգտագործվեն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու գործում:
Նշենք, որ Ռամին Մեհմանփարաստը, Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այցելել Երևանի պետական համալսարան և Գիտությունների ազգային ակադեմիա:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր նախատեսված է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հանդիպումը:
Նախորդող հրապարակումներ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ. Հայերն Իրանում մեր կողմից հարգանքի են արժանանում