03/04/2013 18:53
Սոնա. Մաշայի ծնողներին էլ եմ խոստովանել, որ նա ոնց որ իմ երեխան լինի
«Մաշայի ձայնը լսելուց անմիջապես հետո` պտտվեցի ու հասկացա, որ նրան ճանաչում եմ ամբողջ կյանքում: Մաշայի ծնողներին էլ եմ խոստովանել, որ նա ոնց որ իմ երեխան լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհի Սոնան:
Սոնայի հավաստմամբ` Մերի Մնջոյանի ձայնը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում մարդիկ լսելու են ու պարծենալու:
Նրա խոսքով` իր համար էլ զարմանալի էր, որ միայն ականջներով կարողացել է նման թիմ ընտրել, իսկ երբ ծանոթացել է նրանց հետ, հասկացել է, որ երջանիկ է նման թիմ ունենալու համար:
«Նախագծի մասնակիցները «Արմենիա» հեռուստաընկերության հետ պայմանագիր ունեն և մեկ տարի պետք է աշխատեն ըստ այդ պայմանագրի: Ես շարունակելու եմ աշխատել նրանց հետ, քանի որ նրանք նոր շունչ են հաղորդում իմ կյանքին»,- ասաց Սոնան:
Նշենք, որ ապրիլի 6-ին Սոնան Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում հանդես է գալու տոնական համերգով, որի ընթացքում կատարելու է իր առաջին ու երկրորդ ձայնասկավառակների լավագույն երգերը: