05/04/2013 17:40
Հովսեփյան. Թել-Ավիվի՝ Թուրքիայից ներողություն խնդրելը մարտավարական քայլ էր
Իսրայելի վարչապետ Բ. Նաթանյահուի կողմից Թուրքիայից ներողություն խնդրելը պայմանավորված է վերջին շրջանում տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով, և դրանում մեծ էր ԱՄՆ-ի նախագահի ուղղակի դերակատարությունը: Պաշտոնական Թել-Ավիվի կողմից Թուրքիայից ներողություն խնդրելը մարտավարական քայլ էր, այս իրավիճակում Մերձավոր Արևելքում Իսրայելի դերակատարության մեծացումն ու գործերում ներգրավվածություն ապահովելու համար:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` հավելելով, որ առաջիկայում ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի այցը տարածաշրջան և հանդիպումները Իսրայելի և Թուրքիայի իշխանությունների հետ և ավելի ուշ նախատեսվող Օբամա-Էրդողան հանդիպումը որոշակի հստակություն կմտցնեն իսրայելա-թուրքական շփումներում և նրանց հետագա դերակատարությունների հարցում: Մինչդեռ թուրք-իսրայելական բուն հարաբերությունները առաջիկայում գոնե արտաքուստ չեն բարելավվի, սակայն ռազմաքաղաքական հիմնախնդիրների ու զարգացումների շուրջ գաղտնի բանակցություններն ու շփումները կպահպանվեն և կշարունակվեն:
Ըստ թուրքագետի` այս շրջանում ընթանում են գաղտնի բանակցություններ ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել ձևաչափով, և դա կապված է Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ: ԱՄՆ-ի համար առաջնահերթ է այս պահին ապահովել Իսրայելի և Թուրքիայի շփումները, որոնք առնչվում են ռազմաքաղաքական հիմնախնդիրներին: Սիրիայի հարցում, ռազմական գործոնով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու Թուրքիայի և Իսրայելի հնարավոր դերկատարությունը և հնարավորությունները:
Չի բացառվում, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների սկսման դեպքում լուրջ դերակատարություն կստանձնի իսրայելական օդուժը և կօգտագործվի Թուրքիայի տարածքը: Իրաքի և հատկապես Հյուսիսային Իրաքի քրդական տարածաշրջանի հետ կապված Թուրքիան զգլիորեն կախված է եղել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի հետախուզական աջակցությունից:
Թուրքիայի համար կարևոր է այս շրջանում որոշակիորեն ստանալ Իսրայելի «աջակցությունը» կամ գոնե «անգործությունը» ինչպես ՔԲԿ-ի հետ զինադադարի և զինյալների դուրս բերման հետ կապված: Թուրքիան դեռևս զգում է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները և չի բացառվում, որ գոնե լատենտային մակարդակով ինչ-որ գործընթացներ լինեն, որոնք շահավետ կլինեն երկու կողմերի համար: