06/04/2013 13:41
Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է փոխել Ջավախքի էթնիկ դեմքը
«Վրաստանի նախկին իշխանությունները` Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ ինչ-որ չափով սատարում էին թուրք-մեսխեթցիների վերադարձին Սամխցե-Ջավախք: Խորհրդային տարիներից մինչև 2009թ.-ը մոտ 300 ընտանիքներ են վերադարձել Ջավախք ու կան տվյալներ, որ միայն Թուրքիայում այսօր ապրում են մոտ 30.-35.000 թուրք-մեսխեթցիներ, բացի այդ, նրանք բնակվում են նաև Ռուսաստանի Հյուիսային Կովկասում, Միջին Ասիայում: »,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք-մեսխեթցիների Ջավախք վերադառնալու շուրջ վերջին զարգացումներին՝ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ Ջավախք թուրք-մեսխեթցիների վերադարձման գործընթացին աջակցում է թուրք-ադրբեջանական տանդեմը, քանի որ նրանք հասկանում են, որ Ջավախքը շատ կարևոր շրջան է ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի համար:
«Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են փոխել հայաբնակ Ջավախքի էթնիկ, դեմոգրաֆիական դեմքը»,-նշեց Ջ. Մելիքյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանում դեռևս կան օրենսդրական խոչընդոտներ` թուրք-մեսխեթցիների վերադարձման հետ կապված և այդ ընտանիքները վերադարձի համար պետք է հավաքեն մեծ քանակությամբ փաստաթղթեր:
«Թուրք-մեսխեթցիները պետք է բնակվեն Ասպինձայի շրջանում, որը բնակեցված է հիմնականում վրացիներով և դրանով, վրացական իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ հայերի հետ կապված խնդիրներ չկան»,-ասաց բանախոսը:
Նա ասաց, որ ուղղափառ քրիստոնեական կրոնը Վրաստանում էլ ավելի է ամրապնդվում և խնդիրներ են առաջանում հենց վրացական ժողովրդի ներսում` իսլամադավան վրացիների, որոնք բնակվում են Աջարիայում և ուղղափառ վրացիների միջև:
Մելիքյանը նկատեց, որ թուրք-մեսխեթցիների զանգվածային վերադարձ ինքը չի սպասում, իսկ թուրք-մեսխեթցիները վերադարձման գործընթացը Ջավախք չի բխում Հայաստանի ազգային-պետական շահերից:
Վրաստանի հարցերով փորձագետն ասաց, որ Վրաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում թուրք-մեսխեթցիների հարցը նույնպես բարձրացվելու է և չպետք է մոռանալ, որ այսօրվա դրությամբ թուրքական կողմը պատրաստ է վերականգնել Թուրքիայի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները, իսկ վրացիները թույլ կտան Թուրքիային մզկիթ կառուցել Վրաստանի տարածքում:
«Աջարիայում թուրքական մզկիթների կառուցումը մեծ աղմուկ է առաջացնում Վրաստանում և նախօրեին վրացի քաղաքական գործիչ Ջոնդի Բագատուրիան հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան էքսպանսիոնիստական մոտեցումներ է դրսևորում Վրաստանում»,- հավելեց Ջոնի Մելիքյանը: