10/04/2013 14:23
Պռոշյանի գյուղապետի սպանության քրգործի վերաբերյալ նոր մանրամասներ կան
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանը ազատվել է արգելանքից, իսկ Արայիկ Պետրոսյանի դեմքից և քթից, ինչպես նաև նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջևի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջևի ձախ դռան շրջանակից և պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նախորդող հրապարակումներ՝ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներ կան
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներից մեկը ազատ է արձակվել
Պռոշյանի գյուղապետի մահվան կապակցությամբ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ