10/04/2013 09:11
Սերժ Սարգսյանը երդվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ քաղաքական դիակ
Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել դադարեցնել հացադուլը: «Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, Րաֆֆու վարքագիծը սկսել է նյարդայնացնել ՌԴ իշխանություններին, մասնավորապես պուտինամերձ շրջանակներին, և նրանք Արա Աբրահամյանի միջոցով համապատասխան մեսիջ են ուղարկել ՀՀ իշխանություններին: Արա Աբրահամյանն անձամբ ինքն է ռուսների տրամադրությունը ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո վերջինս որոշել է «թարգել» հացադուլը և մանրից դադարեցնել հանրահավաքային պայքարը:
«Այն, ինչ երեկ կատարվեց Ազատության հրապարակում, ապա Բաղրամյան պողոտայում, ցույց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի, մեղմ ասած, անլրջությունը: Մարդկանց միայնակ` դեմ առ դեմ թողնել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների հետ և ոստիկանապետի հետ ուրախ-զվարթ շրջել Ծիծեռնակաբերդում`տարօրինակ է: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն անգամ երեկ հրապարակային խոստովանել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես չէր ստել, երբ ասել էր, որ Սերժ Սարգսյանը կերդվի իր դիակի վրայով.: Փաստորեն Սերժ Սարգսյանը երդվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ քաղաքական դիակ: Րաֆֆու` քաղաքական դիակ օծման արարողությունը իրականացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Բաղրամյան պողոտայում`մարդկանց հոծ բազմության մեջ, աղոթում «զորավարն» ու Րաֆֆին: Ընդ որում`Րաֆֆին աղոթքով նախ ձայնակցում էր Վլադիմիր Գասպարյանին, ապա բոլորը լռում էին, և ոստիկանապետը շարունակում էր աղոթել»,- գրել է թերթը: