10/04/2013 11:27
Լարիսա Ալավերդյան. Մարաղայում տեղի է ունեցել նորագույն Գողգոթան
«1992թ.-ի ապրիլի 10-ի Մարաղայում տեղի ունեցած իրադարձությունը Քերոլայն Քոքսը անվանել է նորագույն Գողգոթա և դրանով ամեն ինչ ասված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Մարաղայի ոճրագործությանը՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ Մարաղայի դեպքերից հետո իրենց ցնցումը այնքան մեծ էր, որ նույնիսկ Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահը կապում էին այդ իրադարձություններից ստացած ծանր տպավորությունների հետ:
«Մարաղայի ցեղասպանությունը իրականացվել է ադրբեջանցիների կողմից խաղաղ, անպաշտպան հայ գյուղացիների նկատմամբ»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները սպանել են Մարաղայի բնակիչներին ամենադաժան մեթոդներով՝մարդկանց կենդանի այրել են, մասնատել են, ինչը հետագայում ապացուցվել է էքսգումացիայի արդյունքում:
Լ. Ալավերդյանն ասաց, որ Մարաղայի ահավոր պատկերը ցնցել էր բոլորին և այդ տեսարաններն իրոք ահասարսուռ էին:
Բանախոսը նկատեց, որ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն 1997թ.-ին Մարաղայի վերաբերյալ իրավական մի մեծ փաթեթ էր պատրաստել, կատարել մեծ աշխատանք և այդ փաթեթը ներկայացրել ՄԱԿ:
Ալավերդյանը նշեց, որ ադրբեջանցիների կողմից գերեվարված 59 հայ պատանդներից 19-ը չեն վերադարձել. «Մարաղայի պատադների հետ զրուցելուց հետո կարելի է տասնյակ գրքեր գրել այդ դժբախտ պատմությունների հիման վրա»:
«Արա Սաղաթելյանը և Հանրային կապերի և տեղակատվության կենտրոնը մեծ աշխատանքներ են տարել Մարաղայի վերաբերյալ ֆիլմի ստեղծման, ինչպես նաև այլ ֆիլմաշարարերի ստեղծման ուղղությամբ»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Նա նշեց` երջանիկ է, որ կարողացել է համագործակցել նրանց հետ՝ ֆիլմաշարերի ստեղծման աշխատանքներում մասնակցելու առումով և ուրախ է, որ ստեղծվել է այդպիսի կենտրոն: