11/04/2013 16:55
Մեկնարկել է Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը
Քիչ առաջ ԱԺ-ում սկսվեց ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` նշելով, որ Մարտի 1-2-ի իրադարձություններից անցել է հինգ տարի, սակայն հանցագործությունը բացահայտված չէ, թեև 83-ից ավելի մարդկանց դատի են տվել, սակայն նրանք չեն դատապարտվել. «Փաստորեն, կարելի է արձանագրել, որ կատարված հանցագործությունների մեծամասնությունը բացահայտված չէ և մեղավորները մնում են անպատիժ»:
Հատուկ քննչական ծառայությունը, Ջհանգիրյանի խոսքով, նախաձեռնողական քննություն չի կատարում, ՀՀ նախագահի՝ իրավապահ մարմիներին, գլխավոր դատախազությանն ուղղված հանձնարարականից անցել է մեկուկես տարի, բայց «ոչինչ բացահայտված չէ»: ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց, որ տասը սպանվածների իրավահաջորդները, մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիները, զինածառայողները մինչ այսօր չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված պաշտպանության իրավունքից և չեն ստացել փոխհատուցում:
«2008-ի հունիսի 15-ին ստեղծված ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը չարժանացավ սպանվածների հարազատների, հասարակության լայն շերտերի, կոալիցիայից դուրս գործող քաղաքական ուժերի, ԵԵԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանը, որը եզրակացությունը գնահատեց որպես միակողմանի մեկնաբանություն»,- նկատեց Գ. Ջհանգիրյանը:
Նոր հանձնաժողովը, շարունակեց խոսքը ԱԺ պատգամավորը, տարբերվելու է նախորդից. «Այն գնահատելու է ոստիկանության, ՀՔԾ-ի, դատախազության ձեռնարկած գործողությունների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը, ուսումնասիրելու է սպանությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու պատճառները, պայմանները, այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունը»,- ասաց Ջհանգիրյանը:
Աժ պատգամավորը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունն ԱԺ դատին պետք է ներկայացվի մինչև նոյեմբերի 29-ը, բայց քանի որ մեկ ամիս ժամանակ են կորցրել, ապա պատգամավորն առաջարկեց երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը: