11/04/2013 11:17
Տնօրեն. 19-ամյա տղայի սպանության մեջ կասկածվող Հայկ Ա.-ն նորմալ աշակերտ էր
19-ամյա Տիգրան Հայրապետյանի դանակահարության մեջ կասկածվող Երևանի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտ Հայկը դպրոցում եղել է շատ հանգիստ երեխա, այդ պատճառով էլ բոլորը զարմացած են կատարվածի կապակցությամբ:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՃՀ ավագ դպրոցների գծով պրոռեկտոր, Երևանի թիվ 3 դպրոցի տնօրեն Տիգրան Էյրամջյանը:
«Կան երեխաներ, որոնք օլիմպիական մրցումների են մասնակցում և երեխաներ, որոնք ամենաանկարգների թվում են: Հայկը ոչ մեկի, ոչ էլ մյուսի թվին չի պատկանել: Նա նորմալ աշակերտ էր, երբեք որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, մայրը մանկավարժ է, ունի նաև քույր, օրինակելի ընտանիքից է»,-ասաց նա:
Տ. Էյրամջյանի խոսքով` միջադեպի օրը Հայկը դասի չի եկել, և երբ դասղեկը զանգահարել է մորը` պատճառն իմանալու, նա նշել է, որ անձնագրի հետ կապված ինչ-որ խնդիր է եղել, այդ պատճառով էլ չի ներկայացել դասի:
Հարցին, իսկ իր կարծիքով, ո՞րն է եղել միջադեպի պատճառը, Տ. Էյրամջյանը նշեց, որ չի ցանկանում հրապարակել այն: Սակայն շրջանառվող լուրերի համաձայն` պատճառը եղել է լեզվակռիվը:
Տնօրենի խոսքով` նման դեպքերին նպաստում է նաև հեռուստատեսությունը, որով գրեթե միշտ ցուցադրում են կռիվներ, քրեական դեմքերի հետ կապված պատմություններ և դրանով դպրոցում ուսուցչի կատարած աշխատանքը ջուրն է ընկնում:
Հիշեցնենք, որ Ապրիլի 10-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997 թ. ծնված Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:
Նա մեղադրվում է Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանի սպանության մեջ:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նախորդող հրապարակում` ՀՊՃՀ-ի մոտ երեկ կատարված սպանությունը բացահայտվել է