13/04/2013 10:55
Այսօր նշվում է ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը
Այսօր նշվում է ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը, տոն, որը միավորում է համախոհներին, որոնց համար ռոք-ն-ռոլը ոչ միայն երաժշտություն է, այլև կենսակերպ:
Ամենամյա տոնը նշվում է ապրիլի 13-ին, թեև պատմական իրադարձությունները, որոնք հիմք են ծառայել այս տոնի համար, տեղի են ունեցել 1 օր առաջ:
1954 թ. ապրիլի 12-ին Բել Հեյլին ձայնագրեց Rock Around The Clock սինգլը, որը լայն տարածում գտավ ԱՄՆ-ում ու դրա սահմաններից դուրս` մարտահրավեր նետելով հասարակությանն ու ավանդույթներին:
20-րդ դարի կեսին, պաշտոնական` հանգիստ ու սենտիմենտալ երաժշտության հետ, ԱՄՆ-ում ապրում էր բոլորովին այլ երաժշտություն` ուժեղ, ռիթմիկ, կյանքով լի` ռիթմ-էնդ-բլյուզը:
Մի օր երեկոյան Քլիվլենսի ռադիոկայանի դիջեյ Ալան Ֆրիդն իր վրա համարձակություն վերցրեց և եթեր հեռարձակեց ռիթմ-էնդ-բլյուզ ոճի երաժշտություն և, որպեսզի շոկի մեջ չգցի լսարանին, մտածեց դրան մեկ այլ անվանում` ռոք-ն-ռոլ. նրա շնորհիվ այդ երաժշտությունը հասանելի եղավ բոլորին:
Ռոք-ն-ռոլում սպիտակ կատարողների թվում առաջին աստղը կիթառահար Բիլ Հեյլին էր, որի ռիթմ-էնդ-բլյուզի, քանթրիի ու փողոցային սլենգի «կոկտեյլը» լայն տարածում ուներ:
Այս ուղղության հիմնադիրների թվում էր լեգենդար Էլվիս Փրեսլին, որի հագուստի ոճը, շարժուձևը դարձավ միլիոնավոր երկրպագուների կրկնօրինակման առարկան:
1960-ականներին հայտնվեց ռոք-ն-ռոլի նոր ոճը` փոփ-ռոքը: Լիվերպուլյան քառյակն իր կոմպոզիցիաներով աշխարհը վարակեց «բիթլոմանիայով»: 1964 թ. հայտնվեց Rolling stones-ը, 1970-ին ծնվեց փսիխոդելիկ ռոքը` Pink Floyd, Deep Purple, Led Zeppelin, Black Sabbath: Այս տասնամյակը համարում են ռոք մշակույթի ոսկե շրջան: