15/04/2013 13:59
Վրացական ՀԿ-ն կոչ է անում իշխանություններին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
«Իրակլի Երկրորդի միություն» ոչ կառավարական կազմակերպությունը ողջունում է բազմաթիվ ժողովրդավարական երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև կոչ է անում Վրաստանի կառավարությանը հետևել նրանց օրինակին։ Այս մասին է հաղորդում Regnum լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիձեն հայտարարել է, որ իրենք «Հայոս-Քարթլոսից մինչև մեր օրերը» խորագրով համաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, ևս մեկ անգամ դիմելու է Վրաստանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով։
«Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ կհարգեն Օսմանյան կայսրությունում կողմից իրագործված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակը: Իրակլի Երկրորդի միությունը և Թբիլիսիի հայերի ասամբլեան ևս մեկ անգամ կառավարությանը կոչ են անելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն իր սրությամբ հավասար էր Հոլոքոստին, առավել ևս , որ այն ճանաչվել է ժողովրդավարական երկրների միության կողմից»,- ասել է Արչիլ Չկոիձեն:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են հայ-վրացական հարաբերություններն ու պատմությունը կեղծելու փորձերը, որը միտումնավոր խեղաթյուրվում է՝ երկու եղբայրական պետությունների միջև թշնամանք սերմանելու նպատակով։