15/04/2013 12:37
ՍԴ խորհրդական. Ցեղասպանության ճանաչմանը պետք է հասնել իրավական ճանապարհով
Եթե այս կամ այն իրականության վերաբերյալ չկա դատական ակտ, մնացած փաստերը, կարծիքները, վավերագրական նյութերը մեծ արժեք չեն ներկայացնում, իսկ Թուրքիան ամեն ինչ անում է, որ իրենց իսկ կողմից ցեղասպանության վերաբերյալ ընդունված դատական ակտերը չդառնան քննարկման առարկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը:
Գևորգ Դանիելյանը մատնանշեց հատկապես 1919-21 թթ. երիտթուրքերի դատավարությունները, որոնց ընդունած դատական ակտերը հետագայում չեն բեկանվել, հետևաբար այսօր էլ օրենքի ուժ ունեն:
«Այսօր թուրքերը պնդում են, որ իրենց դատական ատյանների կողմից նման որոշումներ ընդունվել են միջազգային ճնշման ներքո, բայց մեզ համար դա նշանակություն չպետք է ունենա` փաստը փաստ է»,- ասաց իրավաբանը:
Գևորգ Դանիելյանն ընդգծեց` պատմաբանները Հայոց ցեղասպանության ճանաչման համար շատ բան են արել, բայց այսուհետ հարցը պետք է դրվի իրավական հարթության վրա: