15/04/2013 15:25
Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն
Աշխարհի ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնությունում +94 քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտում արձանագրելով 365 կգ արդյունք, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն:
Նա պոկում վարժությունում բարձրացրել է 165 կգ՝ նվաճելով փոքր արծաթ, իսկ հրում վարժությունում 200 կգ-ով արժանացել է փոքր ոսկու: Սիմոն Մարտիրոսյանը «Սևան» ընկերությունից է և մարզվում է Ջրառատի մարզադպրոցում` մարզիչ Աշոտ Փիլոսյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ աշխարհի ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնությունը տեղի է ունեցել Տաշքենդ քաղաքում, որտեղ մեր պատանի ծանրորդները ձեռք են բերել 2014 թվականի օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի հնարավոր բոլոր՝ երկու ուղեգրերը: Ցավոք, այս առաջնությունում մեր աղջիկները պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք չեն բերել, որը նրանք ձգտելու են անել հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնությունում: