16/04/2013 09:14
Ներսիկ Նազարյանի հետ աշխատանքից ազատվե՞լ է ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը
Անդրադառնալով Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի՝ աշխատանքից ազատման հնարավոր պատճառներին, «Չորրորդ ինքինիշխանությունը» գրել է. «Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, որն ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում վերահսկում էր օպերատիվ իրավիճակը՝ Գասպարյանին հաղորդել է, որ հավաքվածները դուրս են գալիս վերահսկողությունից, և ոստիկանությանը այլ բան չի մնում, քանի անցնել «գրոհի»:
Այդ ընթացքում Ներսես Նազարյանն ինքն է սկսել ագրեսիվ վարքով «լարել» իրավիճակը՝ առաջացնելով բողոքավոր զանգվածի բարկությունը: ՀՀ ոստիկանապետը հրահանգել էր Նազարյանին որևէ գործողության չդիմել՝ մինչև ինքը հասնի դեպքի վայր: ՀՀ ոստիկանությունից թերթին փոխանցել էին, որ միջադեպի առիթով լուրջ և լարված խոսակցություն է տեղի ունեցել Վլադիմիր Գասպարյանի և Ներսիկ Նազարյանի միջև»: Մինչդեռ Նազարյանը հերքել էր լուրը՝ ասելով. «Չի կարող նման բան լինել: Շատ մարդկանց երազանքն է դա՝ երկու տարի է տարբեր առիթներ են հորինում, որ ասեն, թե լարված են մեր հարաբերությունները: Սուտ է, չկա նման բան»:
«Ուշ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է նաև ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանին»,-հավելել է թերթը: