16/04/2013 14:42
Հ. Բաղդասարյան. Հայաստանյան բանկերը անթույլատրելի խիստ են
«Հայաստանյան բանկերը անթույլատրելի զգուշություն են դրսևորում հիպոթեկային վարկերի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակցեռնի» տնօրեն Հակոբ Բաղդասարյանը, պատասխանելով Aysor.am-ի հարցին:
Բանախոսը շուկայում զարգացում չի ակնկալում, քանի որ տարեկան կտրվածքով կնքվում է 2000 գործարք, սակայն հնարավորություն կա այդ թիվը հասցնելու 60 հազարի: Ըստ Հ. Բաղդասարյանի՝ բանկերը խիստ պայմաններ են առաջարկում, որպեսզի խնդիրներ չառաջանան, սակայն նման զգուշավորությունը, ըստ նրա, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հայաստանյան բանկերը եվրոպական բանկերի համեմատությամբ մի քանի անգամ ավելի խիստ են, իսկ զարգացող երկրները պետք է ավելի մեղմ քաղաքականություն վարեն:
«Թեկուզ սխալվենք, ավելի լավ է անել ու սխալվել, հետագայում խնդիրները լուծել, քան այսպես: Հաշվապահի նման ենք մոտենում և ոչ մի հաջողություն չենք կարող ունենալ»,- շեշտեց Հ. Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է բանկերի և վարկային կազմակերպխությունների կողմից տոկոսադրույքի առաջարկների հարաբերակցությանը, ապա բանախոսը նշեց, որ թեև վարկային կազմակերպությունների պայմանները փոքր-ինչ մեղմ են, սակայն տոկոսադրույքներn ավելի բարձր են և գումարային առումով վարկառուի մոտ ոչինչ չի փոխվում: