16/04/2013 09:47
Նոր կառավարությունում արդյունաբերության նախարարություն կլինի՞
Վերջին տարիներին գործարար շրջանակներում քննարկվում էր ՀՀ-ում արդյունաբերության նախարարության ստեղծման հարցը: Այս գաղափարի ջատագովը Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն է, ում նախաձեռնությամբ մշակվել էին համապատասխան առաջարկներ և ներկայացվել կառավարությանը: Ըստ այդմ՝ նոր ձևավորվելիք նախարարության հիմնական նպատակը պետք է լինի արդյունաբերության զարգացման համար միջոցների հայթայթումը և էժան վարկերի հատկացումը տնտեսությանը:
«Վերջնական հարցի որոշումը պետք է նախագահն ընդունի, իսկ մեր խնդիրն էր հանրային կարծիք ձևավորել և գաղափարն առաջ տանել, ինչի մասին շարունակ խոսել ենք»,- «Ժամանակի» հետ զրույցում ասել է Վ. Սաֆարյանը: Միության նախագահի կարծիքով՝ տնտեսության մեջ իրոք արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ դա հնարավոր է արդյունաբերության զարգացման արդյունքում, որի շնորհիվ աշխատատեղեր կստեղծվեն, ինչն էլ կբերի արտագաղթի, աղքատության ծավալների նվազման: Վ. Սաֆարյանը դրական է գնահատել 2011 թ. արտահանմանը միտված արդյունաբերության ռազմավարության ընդունումը, վերջերս նաև արդյունաբերության զարգացման հիմնադրամի ստեղծումը, որին բյուջեից հատկացվել է ֆինանսավորում: Ըստ նրա՝ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հիմքերը կան: