18/04/2013 13:33
Ոստիկանության պարզաբանումը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ազատման մասին
ՀՀ ոստիկանությունը անդրադարձել է վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին:
«Այդ տեղեկությունները զուրկ են որևէ հիմքից և չեն համապատասխանում իրականությանը: Ու մեկ անգամ ևս ստիպված ենք ցավով փաստել, որ որոշ լրատվամիջոցներ չեն ծառայում իրենց նպատակին, որը լուր տալն է, ոչ թե ապատեղեկատվություն տարածելը:
Ոստիկանության վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու լավագույն միջոցը նույն ոստիկանությանը դիմելն է: Եվ մեր պարզաբանումները տրվում են անհապաղ ու լիարժեք: Բայց, ըստ երևույթին, հիշյալ լրատվամիջոցներն առաջնորդվում են միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու նկատառումներով:
Սթափվե՛ք:
Ձեր տարածած ապատեղեկատվությունը ոստիկանության հեղինակությանը չի վնասում, որովհետև ճշմարտությունը միշտ զորավոր է ստից: Վնասում է ձեր հեղինակությանը, մոլորության մեջ է գցում ընթերցողին ու հասարակությանը և, բումերանգի պես, կրկին վերադառնում ձեզ՝ անհավատության ու անվստահության տեսքով:
Կրկին հիշեցնում ենք՝ հավաստի տեղեկատվություն հրապարակելու լավագույն միջոցը իսկապես իրազեկ և պատասխանատու աղբյուրի հետ համագործակցելն է, տվյալ դեպքում՝ ոստիկանության, որը միշտ պատրաստ ու բաց է ազնիվ գործընկերության համար»,-ասված է հայտարարության մեջ: