19/04/2013 13:56
Դեպի Հայաստան ավիատոմսերը կրկնակի թանկ են. Այսպես տուրիզմ չի զարգանա
«Մենք պետք է ունենք մեր ազգային փոխադրողը, առանց որի տուրիզմի զարգացում չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ամիստադ Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանը:
Նա նշեց, որ ավիափոխադրումների բարձր գների պատաճառով հաճախ զբոսաշրջիկները չեղյալ են հայտարարում տուր-փաթեթները, նման դեպքեր եղել են նաև այն ժամանակ, երբ «Արմավիան» դեռ չէր հայտարարել իր սնանկացման մասին:
Ա. Ադամյանը պատմեց, որ Եվրոպական երկրից դեպի Հայաստան և դեպի Վրաստան օդային տրանսպորտի արժեքը չափազանց տարբեր է: Երբեմն` դեպի Հայաստան ավիատոմսերը կրկնակի թանկ են, ինչը խոչընդոտում է ներհոսքին: Ըստ Ադամյանի՝ մեկ այլ լուրջ խնդիր է ուղիղ չվերթերի բացակայությունը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն էլ ասաց, թե վերջին շրջանում ավիափոխադրողների հետ կապված բողոքներ չեն եղել, «Արմավիայի» փոխարեն այլ ավիաընկերություններ են կատարել փոխադրումները: