20/04/2013 15:55
Ա. Այվազյան. Ես դեմ եմ Աքրամի վեպի հայերեն բառացի թարգմանությանը
«Ես կողմ եմ Աքրամի վեպի հայերեն թարգմանությանը, սակայն դեմ եմ գրքի բառացի թարգմանությանը, որտեղ որոշ փաստեր խեղաթյուրված են և գրքում առկա է երկփեղկվածություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վեպին, ասաց հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:
Ա. Այվազյանի խոսքով` վեպը առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում 2012 թվականին, իսկ Ադրբեջանում Ա. Այլիսլին զրկվել է պետական բոլոր պարգևներից, իսկ կինն ու որդին` աշխատանքից, խախտվել է նաև նրանց ազատ տեղաշարժման իրավունքը:
«Հեղինակը ադրբեջանցու լեզվով դատապարտում է ադրբեջանցիներին` իրենց կատարած վայրագությունների համար: Գրքի առաջին գլուխը նվիրված է 1990 թ. դեպքերին, մյուս գլուխներում ամբողջությամբ ներկայացնում է 1919 թ. Ագուլիսի կոտորածը: Հեղինակը սակայն, պատմության որոշ իրողություններ ներկայացրել է վերապահումով: Օրինակ` Ագուլիսի ջարդերը կատարվել են ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ, սակայն նա չեզոքացնում է ադրբեջանցիների մասնակցությունը»,- ասաց նա: