20/04/2013 12:55
Մահացած զինվորի հայրը չի դիմացել և դիազննության կեսից դուրս է եկել
Այս պահին Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում շարունակվում է երեկ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վնասվածքից մահացած Րաֆֆի Մարաշլյանի դիազննությունը: Րաֆֆիի հոր միջնորդությամբ դիազննությանը մասնակցում է նաև Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Իրավապաշտպան Արման Վեզիրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դիազննությունը սկսվել է 11.30-ի սահմաններում, կենտրոնի բակում են նաև մահացած այլ զինծառայողների մայրեր:
Րաֆֆիի հայրը չի դիմացել և դիազննության կեսից դուրս է եկել, սակայն չի հեռացել կենտրոնի տարածքից:
Նրա խոսքով` ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը կենտրոնի բակում գտնվող սպանված զինծառայող Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին հայհոյել է և անգամ փորձել ձեռք բարձրացնել:
Նշենք, որ դիահերձմանն են մասնակցում ՀՀ զինվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը և նույն բաժնի աշխատակից Լևոն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ` ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:
Նախորդող հրապարակում` Դիրքերում զինվոր է մահացել