22/04/2013 13:58
Ջ. Մելիքյան. Ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանում պետք է դնել հանրաքվեի
«Մարտի մեջ Վրաստանում ընդունվեցին սահմանադրական փոփոխությունները և դրանով նախագահի լիազորություններն ավելի հստակեցվեցին: Վրացական ընդիմությունը` Միախյիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժումը» ավելի կենտրոնացավ ապրիլի 19-ին անցկացված ակցիայի վրա, որին, ըստ իմ ունեցած տվյալների, մասնակցել է ոչ ավելի, քան 5-7 հազար մարդ»,- այսօր, անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վևրացական հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
«Սա ցույց է տալիս, որ այսօրվա դրությամբ Մ. Սաակաշվիլիի կուսակցությունը կորցրել է ժողովրդի աջակցությունը և իրենց կուսակիցները, որոնք քիչ չէին նախկինում, ևս չեն մասնակցել ակցիային»,- հավելեց նա:
Բանախոսը նշեց, որ օրերս աբխազական կայքերից մեկում տեղեկատվություն էր տարածվել, իբր` Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Տրապիզոնյանը, ով նաև վրաց աբխազական պատերազմից հետո Ախազիայի ազգային հերոսի կոչում էր ստացել, պետք է մասնակցեր ՀՀ նախագահի ինագուրացիային: Բանախոսի կարծիքով՝ Վրաստանի ընդդիմության և Աբխազիայի ղեկավարության միջև կոնսենսուս կա աբխազական երկաթգծի բացման հետ կապված` Սաակաշվիլու ընդդիմությունը և աբխազական իշխանությունները դեմ են երկաթգծի բացմանը և նրանք փորձում են արհեստական լարվածություն առաջացնել հայ-վրացական հարաբերություններում՝ խնդրի լուծումը ձգձգելու նպատակով:
Անդրադառնալով Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Ջ. Մելիքյանը կարծիք հայտնեց, որ վրաց հասարակության ներսում տեղեկացվածության պակաս կա: Եվ հայկական կողմի խնդիրն է վրաց հասարակությանը ծանոթացնել նշված իրադարձություններին:
Բանախոսն ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչման մեծ խոչընդոտ է Վրաստանի կախվածությունը Թուրքիայից. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայում Վրաստանից մոտ հինգ հարյուր հազար արտագնա աշխատող կա: Եվ բացի այդ, մեծ քանակությամբ ապրանք է Վրաստանը ներկրում Թուրքիայից: Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ կլինի Վրաստանի վիճակը»:
Բայց, այնուամենայնիվ, Ջ. Մելիքյանն առաջարկեց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանում դնել հանրաքվեի: