22/04/2013 18:15
Հացպանյան. Արտագաղթողներից ոչ մեկը չի գնում տնտեսական պատճառներով
«Հայաստանից արտագաղթողներից ոչ մեկը չի գնում տնտեսական պատճառներից ելնելով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային խնդիրների փորձագետ-վերլուծաբան, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:
Նրա խոսքով, եթե լիներ սեր, արդարություն և ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, ոչ-ոք այստեղից չէր հեռանա, ընդհակառակը` կվերադառնային:
«1991 թ. ընտրություններից հետո հայ ժողովուրդը չի կարոքղանում ձևավորել իր իշխանություններին: Հայոց տանտեր հանդիսացող իշխանությունը իր զավակներին չի կարողանում հասկանալ, որովհետև ծնողն իր զավակներին իբրև զավակ չի վերաբերում: Նրանք չեն սիրում իրենց հողը, երեխաներին, ժողովրդին, ազատագրված հողերը, Արցախը: Եթե այդ սերը լիներ, մարդը չէր թողնի իր հայրենիքը, իր մեռելներին, իր գերեզմանները ու հեռանար»,- ասաց Ս. Հացպանյանը:
Նրա խոսքով` նույնիսկ սփյուռքահայ ներդրողները այլևս չեն գալիս Հայաստան, քանի որ «տեսան, թե ինչպես են գողանում իրենց ներդրումները», և նույնիսկ Սիրիայից Հայաստան ներգաղթողների թիվը շատ քիչ է, իսկ եկածներն էլ պատերազմից հետո որոշել են վերադառնալ Սիրիա: