22/04/2013 12:33
«Ցեղասպանության խնդիրը՝ ամբողջ փաթեթով, պետք է տարվի իրավական դաշտ»
Ցեղասպանության հարցը չի կարելի միայն ժողովներով և միջոցառումներով լուծել, այն պետք է տեղափոխվի իրավական դաշտ։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը։
«Մենք ունենք Վիլսոնի իրավարար վճիռ, որը պետք է իրականացնենք, բայց դրա փոխարեն մենք այսօր զբաղված ենք աշխարհին դաստիարակելով»,- ասաց Ա. Աբրահամյանը:
Նրա խոսքով` այսօր մենք խոսում ենք միայն 1915-ին տեղի ունեցած ոճրագործության մասին, բայց հայ ժողովրդի ցեղասպանությունը սկսվել է 1894թ. Սասունի ջարդերից:
Ասուլիսի մյուս բանախոս` Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանի խոսքով՝ այսօր մեջտեղ է բերվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, մինչդեռ Հայկական հարցի լուծումը պիտի լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումամբ ու հայի վերադարձով իր բնօրրան:
Տ.Փաշաբեզյանը ևս ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության խնդիրը՝ ամբողջ փաթեթով, պետք է տարվի իրավական դաշտ՝ դատարան։