23/04/2013 15:30
Արոնյանը շտկեց մրցաշարային վիճակը
Ֆրանսիայում ընթացող Ալյոխինի հուշամրցաշարի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին և այժմ իր ակտիվում 1 միավոր ունի: Հիշեցնենք, որ առաջին տուրում նա անակնկալ զիջել է Դին Լիրենին: Վերջինս, ի դեպ, հաշվետու տուրում զենքերը վայր դրեց Վաշիե-Լագրավի առջև:
Ադամսը հաղթեց Սվիդլերին, իսկ Վիտյուգով-Անանդ և Ֆրեսինե-Գելֆանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքր արդյունքով:
Այսպիսով` 2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է Մայքլ Ադամսը: Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել է 1,5 միավոր և ընթանում է երկրորդ հորիզոնականում: 1-ական միավորով նրան հաջորդում են Լորեն Ֆրեսինեն, Դին Լիրենը, Լևոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը և Վլադիմիր Կրամնիկը: Կեսական միավորով մրցաշարային աղյուսակլը եզրափակում են Պյոտր Սվիդլերը, Վիշվանաթան Անանդը և Նիկիտա Վիտյուգովը:
Ավելացնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո: Այդ գումարը մասնակիցների միջև կբաժանվի հետևյալ չափաբաժիններով:
1-ին տեղ-30000 եվրո
2-րդ տեղ-20000
3-րդ տեղ-15000
4-րդ տեղ-10000
5-րդ տեղ-8000
6-րդ տեղ-6000
7-րդ տեղ-4000
8-րդ տեղ-3000
9-րդ տեղ-2500
10-րդ տեղ-1500