23/04/2013 12:34
Վարդան Սեդրակյանի պաշտպանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Սիրունյանը:
Նրա խոսքով` իրենց վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշումը սպասելի էր և լավ է, որ այն արագ հետ վերադարձվեց: «Պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Ա. Սիրունյանը, և այս առումով որևէ ժամկետ առայժմ չնշեց:
Ա. Սիրունյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերադարձրել է էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին որոշման դեմ։
Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել էր՝ գրեթե վստահ է, որ Վարդան Սեդրակյանի խափանման միջոց կալանքը չի փոխվի։
«Մենք իրատես ենք և մեծ հույսեր չենք կապում, որովհետև այս հոդվածով ոչ մի երկրում հեշտ բաց չեն թողնում: Մենք ունենք երկու խնդիր, մեկը` ինչքանով է օրինական մեղադրանքը և մյուսը, որ Վ. Սեդրակյանի կալանքը օրինական չէ: Մեկը մյուսի հետ կապ չունի և կալանքի մասով մենք բողոքելու ենք մինչև ՄԻԵԴ»,- ասել էր Ալ. Սիրունյանը:
Վ. Սեդրակյանի պաշտպանը դատարանում բողոքարկում էր իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները:
Նախորդող հրապարակում` Վ. Սեդրակյանի կալանավորման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել