23/04/2013 09:29
Ծառուկյանի հատկացրած գումարն ամբողջությամբ չի հասնում ընտրողին
«Ժամանակի» տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանում արդեն սկսել է նախընտրական կաշառքը բաժանելու հետ կապված ցուցակագրումները: ԲՀԿ-ի տեղամասային կամ թաղային պատասխանատուները շենքերում բնակարանից բնակարան մտնելով՝ ցուցակագրում են ընտրողներին, հարցնում, թե ընտրակաշառք տալու դեպքում Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում արդյո՞ք կքվեարկեն ԲՀԿ-ի օգտին: Անցած շաբաթ, օրինակ, ԲՀԿ-ի տեղամասային պատասխանատուներից մեկն այցելել է Արաբկիր համայնքի Մամիկոնյանց 62 շենք և ցուցակագրել իրենց հնարավոր ընտրողներին: Նա նաև ասել է, որ ԲՀԿ-ին ընտրելու գոնե բանավոր համաձայնություն տալու դեպքում յուրաքանչյուր ընտրողի 5000 դրամ կտա:
Ի դեպ, ԲՀԿ ղեկավարը վերջին մեկ տարում արդեն երրորդ ընտրության դեպքում նեղ շրջապատում ասում է, որ «գլուխը 100 մանեթ պետք է ծախսենք»: Այսինքն յուրաքանչյուր ընտրողի հաշվով մոտ 40.000 դրամ: Ստացվում է, որ Ծառուկյանի հատկացրած գումարն ամբողջությամբ ընտրողին չի հասնում: «Գլուխը 100 մանեթից» 20.000-ական դրամը նախատեսված է տալ ընտրողին, մյուս 20.000՝-ը այլ ծախսերի համար: Այս դեպքում արդեն ընտրակաշառքը մինչև ընտրողին հասնելը պակասել է և դարձել է 5.000 դրամ»: