24/04/2013 14:06
Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիում երեկ տեղի ունեցած սպանությունը
Այսօր՝ ապրիլի 24-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ-քննչական խմբերով բացատրական աշխատանքների արդյունքում բացահայտել են երեկ՝ ապրիլի 23-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը: Այս մասին տեղեկացում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ 23-ամյա Վահե Ղուկասյանը, որին ոստիկանության ՔՀԳ վարչության արագ հակազդման օպերները որոնում էին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Ղուկասյանի եղբոր տղան ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում արդեն խոստովանել է և հայտնել, որ հանցագործությունը ինքն է կատարել: Ըստ տեղեկությունների` վերջինս ունի նաև հրազենային վնասվածք:
Այս պահին նա տեղափոխվում է քննիչի մոտ, որտեղ ցուցմունք է տալու տեղի ունեցածի առթիվ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, ապրիլի 23-ին կրակոցներ էին հնչել Գյումրի քաղաքում:
Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Գյումրիում հայտնի, Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը և Քավոր Հարութը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ տեղեկությունների, Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է և ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակվել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից:
Այդ պահին դեպքի վայր էին ժամանում Շիրակի մարզային վարչության ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի, Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի և Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
ֆոտոլրագրողը Գյումրիից հայտնել էր, որ Գյումրի են ժամանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները՝ նույն վարչության ծառայողների հետ:
Գյումրիում ուժեղացված ծառայություն էին կատարում մեծ թվով ոստիկաններ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ:
Հաշվի առնելով դեպքի վտանգավորությունն ու հնչեղությունը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ տեղեկությունների, արդեն հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 34 և 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ հրազենային վնասվածքներ ստացած Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mercedes S 500 մակինիշի 35 DV 555 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կան նաև արյան հետքեր, իսկ 4 հարկանի շենքերից մեկի մուտքում նույնպես հայտնաբերվել էին արյան հետքեր: