24/04/2013 15:08
Ա. Ռազուվաև. Թուրքիային, առանց ցեղասպանությունը ճանաչելու, չեն ընդունի ԵՄ
«Թուրքիան մինչ այսօր չի մեղանչել 1915թ.-ի Հայոց ցեղասպանության իրականացման համար, երբ շատ կարճ ժամանակահատվածում ոչնչացվել է 1.5 միլիոն հայ»,- անդրադառնալով 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նշել է «Ալպարի» վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ռազուվաևը:
Նրա խոսքով՝ աշխարհի քաղաքակիրթ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը. «Թուրքիան, սակայն, որը մեծ մեղք ունի Հայաստանի առջև, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և այդ պետության համար այդ դիրքորոշումը սկզբունքային հարց է»,- նշել է Ա. Ռազուվաևը:
Ըստ նրա՝ հայերը աշխարհի հնագույն ազգերից մեկն է, ով մեծ ներդրում է ունեցել Ռուսական կայսրության և Խորհրդային Ռուսաստանի զարգացման գործում` ռազմական, մտավոր և բազմաթիվ այլ ոլորտներում:
«Այսօր այս ազգը մեծ դերակատարում ունի բիզնեսում, գործարար աշխարհում և շախմատում»,- ասել է վերլուծական կենտրոնի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից ուժեղ դիրքեր ունի Կովկասում և Թուրքիան չի փորձի կրկնել ցեղասպանությունը:
Ռազուվաևը նշել է, որ Թուրքիային առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու չեն ընդունի ԵՄ-ը և չեն դասի քաղաքակիրթ երկրների շարքին:
«Եթե քո ձեռքերը արյունոտ են, ապա դու տեղ չունես քաղաքակիրթ երկրների կողքին»,- նշել է Ա. Ռազուվաևը: