26/04/2013 13:44
«Շրջանառության հարկի մասին» օրենքը ծանր վիճակում է դրել որոշ ԶԼՄ-ների
2012թ-ի դեկտեմբերին ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի հետևանքով այսօր որոշ ԶԼՄ-ներ հայտնվել են դժվար իրավիճակում: Լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
«Եթե նախկինում վճարում էինք միայն շահութահարկ, ապա այսօր՝ նաև շրջանառության հարկ: Սա ենթադրում է թերթերի իրացումից ստացված գումարի 3.5%-ը և գովազդների շահույթից՝ 5%-ը»,- ասաց նա և հավելեց, թե բոլորովին վերջերս են հարկը վճարել և տեսել, որ բավական մեծ թիվ է կազմում՝ 600-700 հազար դրամ:
«Սա հարված է բոլոր այն թերթերին, որոնք ունեն միջին կամ փոքր տպաքանակ: Այս օրենքը չի ազդում բոլոր նրանց վրա, ովքեր վճարում են ավելացված արժեքի հարկ»,- ասաց նա և ավելացրեց, որ ընդունված նոր օրենքը ազդում է ոչ միայն մամուլի, այլև փոքր և միջին բիզնեսի վրա:
Նա ընդգծեց, որ այս օրենքը հատկապես բացասաբար է ազդում այն թերթերի վրա, որոնք բացի տպագիր տարբերակից, ունեն նաև կայք, որտեղ կան գովազդներ:
Ասուլիսին մասնակից «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին նշեց, որ եթե իրենք նախկինում վճարում էին 200-250 հազար դրամ, ապա օրենքի ընդունումից հետո վճարել են 400-500 հազար:
«Օրենքի ընդունումից առաջ բոլորը վստահեցնում էին, որ օրենքը թեթևացնելու է փոքր ու միջին ձեռնարկությունների բեռը, սակայն ստացվեց հակառակը»,- ասաց նա և հավելեց, որ շատ շուտով ականատես կլինենք մի շարք խանութների փակմանը: