26/04/2013 09:08
Միգրացիոն ծառայությունը տվյալներ չի հրապարակում. Պատկերը խայտառա՞կ է
«Հայկական ժամանակաը» գորւմ է, որ ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ժամանումների և ՀՀ-ից մեկնումների վիճակագրությունը: Այդ ցուցանիշը միշտ հրապարակվում էր տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա կեսին: Այսինքն` այդ վիճակագրությունը պետք է հրապարակված լիներ ապրիլի կեսին: ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ազգային վիճակագրության ծառայությունը դեռ իրենց տվյալ չի տրամադրել:
Այնուհետ թերթը հավելել է. «Մի քանի օր առաջ տեղեկություններ էինք ստացել, որ ժամանումների և մեկնումների վիճակագրությունը չի հրապարակվում, քանի որ պատկերը խայտառակ է: Այդ վիճակագրությունից մոտավոր պատկեր է ստեղծվում, թե ևս քանի մարդ է անվերադարձ հեռանալու Հայաստանից: Եվ այդ ցուցանիշի հրապարակումը ձգձգելով մեր վիճակագիրները կամ փորձում են մի քիչ «պլպլացնել» ցուցանիշները, կամ էլ ձգել մինչև Երևանի ավագանու ընտրություններ: Այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով մեկնածների և ժամանածների բացասական սալդոն նախորդ տարվա համեմատ աճել էր 1.5 անգամ: Դա նշանակում է, որ տարվա կտրվածքով Հայաստանից կարտագաղթի առնվազն 70 հազար մարդ, վերջին հինգ տարիների կտրվածքով` 330 հազար մարդ»: